Zartonk

18 Մայիս

  • ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏ ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆԻՆ


    Ա.

    Սիրելի Վարպետ,

    վերջերս կրկին ու կրկին համոզուեցի իմ կողմից այնքան չսիրուած համացանցային կապի անվիճելի առաւելութիւնների եւ խիստ արդիւնաւէտ ու արդիական լինելու մէջ: Գուցէ փոքր ինչ հնաոճ թուայ, բայց իմ չսիրելը կարծեմ թէ գալիս է նրանից, որ ողջ Երկիր մոլորակը տեղեկատուական համաշխարհային իր սարդոստայնի մէջ ներառած համացանցը հետեւողականօրէն ասպարեզից դուրս է մղում կապի, թերեւս ամենաջերմ մտերմիկ ու նուիրական միջոցը` նամակագրութիւնը: Դարեր շարունակ կապի այս ձեւը սիրայօժար ծառայել է մարդկութեան գրաճանաչ ու գրագէտ հատուածին` պարզ տեղեկատուական միջոցից վերածուելով գրական մի անփոխարինելի ժանրի, որի պակասը օրեցօր աւելի ու աւելի ենք զգալու ամէն ինչ կաղապար եւ բանաձեւի մէջ տեղաւորել փորձող նիւթապաշտ ու հետզհետէ անհաղորդ դարձող այս աշխարհում: Ինչեւէ: Այսօր մեր միջեւ եղած ժամանակաւոր հեռաւորութիւնը ընտրութեան այլ հնարաւորութիւն չի թողնում, քան նոյն համացանցի միջոցով հաղորդակցուելը, ինչն էլ ստիպուած անում եմ քաջ գիտակցելով, որ այն որեւէ ձեւով չի կարող գրաւել ձեր բնակարան-արուեստանոցի հոգեպարար եւ ինձ համար նաեւ շատ ուսանելի զրոյցների տեղը: Զրոյցներն այդ շատ յաճախ մինչեւ կէս գիշեր էին ձգւում ու եթէ երբեմն-երբեմն ընդմիջւում էին, ապա ընդմիջւում էին միայն ձեր անցած երկարատեւ ու իմաստալից ճանապարհի անդաւաճան ընկերոջ, նոյնքան խօսքաշատ եւ խելացի տիկին Մարիի անվերջ ու եռանդուն հիւրասիրութիւններով: Հրազդանի գեղատեսիլ կիրճի անհամար ռեստորաններից գռեհիկ ու թրքաբարոյ, անճաշակ եւ բարձր հնչող երաժշտութեան ձայները, որ գիշերային լռութեան մէջ անարգել խուժում էին ձեր շէնքի տասներորդ յարկում գտնուող կիրճահայեաց բնակարանի հիւրընկալ պատշգամբ ու հիւրասենեակից ներս` ո՛չ միայն չէին կարողանում խանգարել, այլ մի տեսակ աւելի էին շեշտում արուեստի, ազգային ճշմարիտ արժէքների, հայեցի դաստիարակութեան եւ մտածելակերպի շուրջ ծաւալուող անվերջանալի զրոյցների անհրաժեշտութիւնն ու արդիականութիւնը: Աւելի քան վստահ եմ, որ հիմա էլ երբ գրում եմ այս տողերը, նոյն սենեակում շարունակւում են Ձեզ այնքան յուզող հարցերի քննարկումները, որոնք պարբերաբար իրենց արձագանգն են գտնում ՙԱզգ՚ օրաթերթի մշակութասէր էջերում: Կռահում եմ նաեւ, որ հերթական զրոյց-բանավէճն իր մէջ ներառելու է նաեւ ՙԱզգ՚ի մշակութային յաւելուածում տպագրուած ձեր վերջին, ՙՅուշարձան՚ յօդուածում արծարծուած յոյժ կարեւոր թեմաները, որոնց քննարկմանն ուզում եմ իմ հեռակայ մասնակցութիւնը բերել` ձեր թոյլտուութիւնը ստանալուց յետոյ: Սիրելի Վարպետ, ես միշտ էլ հպարտացել եմ Ձեր բարեկամն ու կրտսեր ընկերը լինելուս փաստով: Միանգամից ասեմ, որ ես հիմա կրկնակի եմ հպարտանում, որովհետեւ յօդուածում ես գտայ տարիներ շարունակ ինձ եւ համոզուած եմ` ո՛չ միայն ինձ յուզող գոնէ մէկ հարցի պատասխանը, որ առաջին հայեացքից շատ պարզ ու տրամաբանական էր թւում, ինչպէս ամէն լուծում, որ դիպուկ է, տեղին եւ տաղանդաւոր: Իսկապէս ի՞նչ էր պակասում Մեծ Եղեռնի զոհերի անմահ յիշատակը խնկարկող Ծիծեռնակաբերդի յուշահամալիրին, երբ իրենց ճարտարապետական բարձրարուեստ ու ներդաշնակ լուծումն էին ստացել համալիրի բոլոր բաղադրիչները` յուշասիւներից մինչեւ դէպի անմար կրակը տանող ճանապարհը, լուռ հանդիսաւորութեամբ կրակի վրայ խոնարհուած մեր կորցրած տասներկու գաւառների հսկայ խորհրդանիշներն ու Ցեղասպանութեան թանգարանը: Այն, որ պակասող ինչ-որ շատ կարեւոր օղակ կար` աւելի քան պարզ էր ու յստակ եւ դա տեսնելու համար մեծ իմաստնութիւն չէր պահանջւում: Բաւական էր նայել համալիրից իջնող բազմահազարանոց մարդկային մի տեսակ մոլորուած ու ճնշուած հաւաքական հայեացքներին եւ անկարելի էր խոր ցաւի հետ չտեսնել նաեւ նրանց տխուր աչքերում դաջուած անբաւարարութեան, ինչ-որ կիսատ-պռատութեան ու եթէ կ’ուզէք` նաեւ թերարժէքութեան զգացումները: Ձեր յօդուածում Վարպետ, դուք գտել էք այդ պակասող օղակը, գտել էք Ձեզ յատուկ նրբաճաշակութեամբ ու տաղանդով եւ գտել էք թերեւս, յուշահամալիրն ամբողջացնող միա՛կ լուծումը. այն է` թէ ինչ եղաւ այդ սոսկալի նախճիրի կազմակերպիչների հետ: Այն օրը, երբ կեանքի կը կոչուի Ձեր առաջարկած ծրագիրը եւ Ծիծեռնակաբերդի հպարտ ու խորհրդաւոր լռութեան մէջ վեր կը խոյանայ ՙՆեմեսիս՚-ի փառապանծ հերոսների արձանախումբը, այլեւս ստիպուած չենք լինի յուշահամալիր այցելող հազարաւոր օտարերկրացիներին ու հիւրերին երբեմն ամբողջական, յաճախ էլ կցկտուր մեկնաբանութիւններ տալ այս մասին, թէ ինչ եղաւ յետոյ...: Իսկ յետոյ եղաւ այն, որ հայ վրիժառուների պատժիչ գնդակները անվրէպօրէն գտան դահիճներին եւ փշրեցին նրանց միայն ոճիր որոճացող գանգերը` թաքնուած աշխարհի տարբեր ծագերում` սկսած իրենց լուսաւորեալ ու մարդասէր համարող եւ մարդկային ողբերգութեան հանդէպ կրաւորական կեցուածք ընդունած պաղարիւն եւրոպաներից մինչեւ միջինասիական շէկ անապատները...: Չեմ կասկածում, որ այդ գաղափարը վաղ թէ ուշ իրականութիւն կը դառնայ եւ դէպի յուշահամալիրի ելքը տանող ճանապարհին կը տեղադրուի հերոսական արձանախումբը, որն իսկապէս կարող է տրամաբանօրէն ամփոփել մեզ համար չափազանց ողբերգական այդ շրջանը ու նաեւ Ձեր շնորհիւ, կարող է լրացուցիչ անգամ փաստել հայ ժողովրդի հարատեւութեան իրաւունքը, որովհետեւ ինչպէս եւ Դուք, ես էլ շատ շատերի նման հաւատում եմ Հայոց հաւաքական իմաստնութեանն ու մտքի կորովին: Ասեմ նաեւ, որ Ձեր շատ սիրելի Անին, որն իհարկէ կողքիս է հիմա, այդ գաղափարով խանդավառուած` առաջարկում է ստեղծուելիք արձանախմբի պատուանդանին փորագրել մեր հազարամեաj էպոսի հանճարեղ ամփոփումը հանդիսացող տողերը. ՙ Քառսուն կազ խոր հորում լինեք, թէ ջաղացի քարի տակին` Տ’ելնի ձեր դէմ Սասնայ Դաւիթ, տ’ելնի ձեր դէմ Թուր-Կեծակին՚: Այս ամէնն անշուշտ լաւ է, շատ լաւ, սակայն դրա համար չէ կամ աւելի ճիշդ միայն դրա համար չէ, որ ուզում եմ մասնակից լինել անվերջանալի այն զրոյցին, որ հիմա ընթանում է ձեր հիւրընկալ յարկի տակ: Պարզապէս ուզում եմ կիսել Ձեզ հետ նաեւ իմ մտորումներն ու մտավախութիւնները յօդուածում արծարծուող նիւթերի առնչութեամբ, որովհետեւ մեծ է ցանկութիւնը կիսելու ո՛չ միայն երկար ժամանակ հետապնդող հարցի պատասխանը գտնելու բերկրանքը, այլեւ Ձեզ պատած ցաւը անհամար ՙինչու՚-ների եւ ՙինչպէս՚-ների կապակցութեամբ, որոնք բազմաթիւ են, ո՛չ միանշանակ, երբեմն էլ խիստ հակասական ինչպէս ինքը` պատմութիւնն ու մարդկային բնոյթն ընդհանրապէս: Այսօրուայ աշխարհաքաղաքական գործընթացները այնպիսի ուղղութեամբ են զարգանում, որ կարծես անխուսափելի են դառնում քաղաքական եւ աշխարհագրական վերաձեւաւորումները, ինչից անշուշտ անմասն չի կարող մնալ նաեւ մեր տարածաշրջանը, որն ընդունուած է ամենապայթիւնավտանգներից մէկը համարել, եւ որտեղ դէպքերը շատ աւելի մեծ արագութեամբ են զարգանում, քան որեւէ այլ տեղ: Այս տարածաշրջանում Ժողովուրդների եւ նրանց հաւաքական կամքը ներկայացնող քաղաքական գործիչներին, դիւանագէտներին ու բարձրագոյն զինուորականութեանը կողմնորոշուելու շատ աւելի քիչ ժամանակ է տրւում, քան ասենք Եւրոպայում կամ Ամերիկայում, իսկ Աւստրալիայի կամ Նոր Զելանտիայի հետ համեմատութիւնները կարող են պարզապէս լուրջ չընդունուել: Ուզենք թէ չուզենք այդպես է եւ Հայաստանն էլ այդ գործընթացների անմիջական մասնակիցն է: Այս պարագայում շատ կարեւոր է հաւաքական կամքի ու միասնականութեան դրսեւորումը, որն այնքան պակասել է մեզ ճակատագրական պահերին, իսկ աւելի ճիշդ` պակասել է նոյն այդ ճակատագրական պահերը ըստ արժանւոյն յաղթահարելուց յետոյ, երբ այլեւս անցած է թուացել մահացու վտանգն ու մօտ է թուացել ակնկալուած հանգուցալուծումը: Այդպէս էր Աւարայրից յետոյ, այդպէս էր Անիի թագաւորութեան անմիջական կործանումից յետոյ, երբ սպարապետ Վահրամ Պահլաւունին ջախջախեց դէպի մայրաքաղաք շարժուող բիւզանդական բանակն ու դուրս շպրտեց նրանց Անիի սահմաններից շատ ու շատ հեռու: Այդպես էր Դաւիթ-Պէկից յետոյ, այդպէս եղաւ Սարդարապատից յետոյ, սակայն բարեբախտաբար առ այժմ այդպէս չէ եւ յուսանք, որ այդպէս չի լինի Արցախեան ազատամարտից յետոյ: Թող ներուի ինձ ՙառ այժմ՚ բառը, բայց ռազմական փառաւոր յաղթանակները դիւանագիտական եւ քաղաքական ասպարէզներում ամրագրելը, մեզ համար կարծես ՙաքիլլէսեան գարշապար՚-ի նման մի բան է դառնում, եւ այդ է պատճառը, որ մենք երբեմն ՙծեծ կերածի՚ կամ (որ աւելի դաժան է) ՙանասունի նման մորթուողի՚ պիտակաւորումն ենք ստանում: Սրա մէջ ամենաշատն ի հարկէ, գեր տէրութիւններն ու աշխարհաքաղաքական մեծ ու փոքր շնագայլերն են մեղաւոր, բայց արդեօ՞ք միայն նրանք: Միայն նրա՞նք են մեղաւոր, որ այսօրուայ նոյնիսկ ամենազարգացած հայ մտաւորականը պիտի դժուարանայ նոյն Աւարայրի կամ Սարդարապատի հերոսամարտերի գոնէ տաս հերոսի անուն տալ: Նորի՞ց ասենք, որ մեղաւորները ռուսներն ու կեղտոտ պոլշեւիկներն էին եւ առա՞ջ անցնենք` ինքներս մեզ զերծ պահելով մեղքի մեր բաժնից: Այդ դէպքում ո՞ւմ մեղադրենք, որ արցախեան հերոսամարտի հարիւրաւոր մասնակիցներ առ այսօր կքուած ե մնում իրենց բաժին հասած սոցիալական (ընկերային) անարդար ու անմարդկային բեռան ներքոյ: Ո՞վ, պետական ո՞ր կազմակերպութիւնն է հարցնում Եռաբլուր այցելած որդեկորոյս մայրերի եւ այրիացած կանանց որպիսութիւնը: Իսկ թէ ինչ ճակատագրի արժանացան այդ յաղթանակը կերտող հրամանատարներից շատերը` դա այլ զրոյցի նիւթ է, սակայն չեմ կարծում, թէ օրինակ Ժիրայր Սէֆիլեանին ՀՀ քաղաքացիութիւն չշնորհելու փաստը ինչ-որ անփոյթ պաշտօնեայի կամ ՙգրասենեակային փքուած մի առնէտ՚ի գործն է:

    Միշտ Ձեր` ԷՏՈՒԱՐՏ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ





  • Փնտռել
    Արխիւ


    may 17
    17.05.2012
    may 16
    16.05.2012
    may 15
    15.05.2012
    may 13
    13.05.2012
    may 12
    12.05.2012
    may 11
    11.05.2012
    may 10
    10.05.2012
    may 9
    09.05.2012
    may 6
    06.05.2012
    may 5
    05.05.2012
    may 4
    04.05.2012
    may 3
    03.05.2012
    may 1
    01.05.2012
    april 29
    29.04.2012
    april 28
    28.04.2012
    april 27
    27.04.2012
    april 26
    26.04.2012
    april 24
    24.04.2012
    april 22
    22.04.2012
    april 21
    21.04.2012
    april 20
    20.04.2012
    april 19
    19.04.2012
    april 18
    18.04.2012
    april 14
    14.04.2012
    april 13
    13.04.2012
    april 12
    12.04.2012
    april 11
    11.04.2012
    april 7
    07.04.2012
    april 6
    06.04.2012
    april 5
    05.04.2012

    ՁԵՌՆԱՐԿՆԵՐՈՒ ՕՐԱԳԻՐՌադիո Սևան
    ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԵԱՆ
    Right bottom
    ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ
    Right
    1,503.50
    0.76
    388.69
    քլկ. արծաթ0.00
    օնց. ոսկի1,720.10
    ՏՈՒՐ ԿԱՐԾԻՔԴ
    Հայաստանի խորհրդարանական յառաջիկայ ընտրութիւններուն ով պիտի գրաւէ առաջին դիրքը