Zartonk

18 Մայիս

  • ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏ ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆԻՆ


    Բ.

     

    Չէ, սիրելի Վարպետ, մեզ պարտադրուած պատերազմ ու կռիւների մենք շատ ենք մասնակցել: Ցաւօք այդպիսին է մեր պատմութիւնը, բայց ծեծ երբեք չենք կերել: Յաղթել ենք, պարտուել ու երբեմն նաեւ նահանջել ենք վայրենի ուժի առաջ, սակայն կռուել ենք եւ ո՛չ թէ ծեծ կերել, նահանջել ենք, բայց միշտ դէմքով դէպի թշնամին ու թէեւ Ձեր մատնանշած ֆրանսիացիների նման յաղթանակի կամարի յուշարձան չունենք, սակայն նրանց նման (քիչ մնաց ասէի աղուհացով) թշնամուն երբեք չենք դիմաւորել, ինչը նրանք արեցին, երբ հիտլերեան դարչնագոյն ժանտախտի հորդաները լցուեցին քաղաքակիրթ աշխարհով մէկ ու դեռ հարց է, եթէ չլիներ Միսաք Մանուշեանի կազմակերպած ու գլխաւորած Դիմադրութեան Շարժումը, որ յետագայում շատ սահուն կերպով սեփականաշնորհեց ապագայ նախագահ Շառլ տը Կոլը` ի՞նչ պատասխան պիտի տային նրանք իրենց թոռ ու ծոռներին, երբ վերջիններս հարց տային, թէ ինչո՞ւ գերմանական զօրքերը շքերթային քայլքով մտան ազատ ու անկախ ֆրանսիական հանրապետութիւն: Ինչո՞ւ եմ սակայն մեր հեռակայ զրոյցը տանում այս ուղղութեամբ: Ի՞նչ կապ ունեն այստեղ վաթսուն եւ աւելի տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձութիւնները: Այսօրուայ երիտասարդները շնորհիւ ամենահաս համացանցային կապի, շատ լաւ տեղեկացուած են երկրորդ աշխարհամարտի պատերազմական անցուդարձերին եւ քաջատեղեակ են ֆրանսիական յիրաւի հերոսական Նորմանտիա-Նեմանի օդաչուների սխրագործութիւններին, սակայն տեղեա՞կ են արդեօք նրանք, որ այդ ժամանակ հիթլերեան արդէն կոտրուած ողնաշարի ՙհեղինակներից՚ մէկն էլ հայկական հերոսական ութսունիներորդ զօրախումբն էր, որի հրամանատարը զօրավար Նուէր Սաֆարեանն էր: Խօսքս արդէն վաղուց պատմութիւն դարձած փաստի` Թամանեան թերակղզու ազատագրական մարտերի եւ ռազմական կատարեալ յաղթանակի մասին է, իսկ թէ ինչու հենց հայկական դիւիզիան յայտնուեց այդ սոսկալի մսաղացում, այլ պատմութիւն է, որին ստիպուած ենք պարբերաբար անդրադառնալ, որովհետեւ դա նաեւ մեր պատմութիւնն է, մեր անցած ճանապարհը, ինչքան էլ այն պարտադրուած էր ու դաժան: Անդրադառնալիս սակայն անաչառութիւնը մեր հազարամեակների խորքերը տանող պատմութեան այդ ծանրածանր դուռը բացելու միակ բանալին պիտի լինի, որովհետեւ ցաւօք մեծ, շատ մեծ է քաղաքական պատեհապաշտների ու աճպարարների այն բանակը, որ ամէն ինչ եւ ամէն կերպ փորձում է բարդել խորհրդային բռնապետական կարգերի վրայ` յընթացս Պիղատոսի նման լուալով սեփական արիւնոտ ձեռքերը: Այդ մարդիկ որոնք ո՛չ հեռու անցեալում հիացական ձօներ էին հիւսում ՙսովետներին՚ եւ նրա բարիքներից օգտուելուց առաջ պատեհ-անպատեհ, աջ ու ձախ իրենց կուսակցական տոմսով էին երդւում` հիմա աստուածավախ ու աստուածապաշտ դարձած ամենաշատն են հայհոյում նոյն այդ կարգերին: Նրանց ի հարկէ, լաւ կը լինէր չար երազի նման մոռանալ, բայց տարօրինակ համառութեամբ ու լկտիութեամբ նրանք իրենք են իրենց մասին մեզ յիշեցնում` այս անգամ էլ ազատ ու անկախ Հայաստանի պետական կառավարման բարձր ամպիոններից` իրենց ոչինչ չասող եւ անյօդաբաշխ ելոյթներով: Եւ այդ ամէնը կատարւում է ո՛չ միայն նախկին Խորհրդային Միութեան ողջ տարածքով մէկ, այլ ողջ աշխարհով` առանց բացառութեան: Երբ քաղաքական կեղծիքը, բիրտ ուժն ու պատեհապաշտութիւնն այլեւս օրինաչափութեան ու կենսակերպի են վերածւում եւ դադարում են բացառութիւն լինելուց` դժուար է անկողմնակալ խօսել առանձին վերցրած որեւէ պետութեան կամ ազգի մասին: Ես տնտեսագիտութիւնից հեռու եմ անչափ ուստի չգիտեմ, թէ ինչպէս է պատահում, որ տասնեակ թրիլիոնաւոր տոլարների պարտքեր ունեցող երկիրն այսօր օրինակելի տնտեսութեան եւ շուկայական հարաբերութիւնների ջահակիր է համարւում, սակայն կարծում եմ, որ պէտք չէ մեծ քաղաքագէտ կամ վերլուծաբան լինել հասկանալու համար, թէ ինչպէս է պատահում, որ միանգամից մի քանի երկրների հետ պատերազմող երկրի նախագահն արժանանում է խաղաղութեան Նոպելեան մրցանակի: Գանք սակայն մեզ, սիրելի Վարպետ, մանաւանդ որ գիտեմ, թէ ինչպէս չեք սիրում, երբ մեր հոգսերը թողած աշխարհաքաղաքական խնդիրներ ենք քննարկում: Միանգամայն իրաւացի էք, երբ ասում եք, թէ մինչեւ անցեալ դարի վաթսունական թուականները մենք միայն կցկտուր տեղեկութիւններ ունէինք կամ ոչինչ չգիտէինք Ցեղասպանութեան մասին: Գիտեմ, անասելի ցաւով էք նշում այդ իրողութիւնը, բայց մի՞թէ միայն ՙսովետներ՚-ն էին կամ ինչպէս ասում էք ռուսն էր մեղաւոր դրանում, թէ՞ մենք էլ մեղքի մեր բաժինն ունէինք, որի մասին սակայն գերադասում ենք երբէք չխօսել` անպատժելիութիւնն ակամայ խրախուսելով: Ի դէպ հենց նոյն ռուսների գլխներին էլ աղետալի պատուհաս դարձած հոկտեմբերեան յեղաշրջման ղեկավարների մէջ ազգութեամբ ռուսները թուով զիջում էին ո՛չ միայն հրեաներին, այլեւ վրացիներին, հայերին ու լատիշներին: Եւ այն, որ Ռուսաստանը Խորհրդային միութեան վարած քաղաքականութեան ժառանգորդը չէ գոնէ մեր պարագայում` նրանք փաստեցին իրենց անկախութեան արշալոյսին, երբ հազար ինը հարիւր իննսունհինգ թուականի ապրիլի տասնչորսին Ռուսաստանի Պետական Տուման պաշտօնապէս ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը հետեւեալ ձեւակերպմամբ. ՙՀիմնուելով 1915-1922թթ. Արեւմտեան Հայաստանի տարածքում հայերի կոտորածի, բռնի արտաքսման մասին բազմաթիւ անբեկանելի փաստերի վրայ` ՌԴ Պետտուման ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը` իրականացուած նոյն տարածքներում՚: Նկատենք, որ Ռուսաստանը միակն է հայ ժողովրդի դէմ կատարուած սոսկալի Ցեղասպանութիւնը ճանաչող երկրների մէջ, որ շեշտում է ՙԱրեւմտեան Հայաստան՚ տեղանունը, ո՛չ թէ մնացածի նման ՙՕսմանեան կայսրութիւն՚-ը: Նկատենք նաեւ սիրելի Վարպետ, որ Ռուսաստանը, ո՛չ Խորհրդային Միութիւնը, այլ Ռուսաստանը, երբեք եղբայրութիւն չի արել թուրքերի հետ: Աւելին, աշխարհի ոչ մի երկիր այնքան չի ՙծեծել՚ ու նուաստացրել թուրքերին որքան ռուսները: Անշուշտ դա արել են բացառապէս իրենց շահը հետապնդելով, բայց դա արդեն ուրիշ պատմութիւն է: Այսօր խորհրդային մսաղացով անցած շատ ու շատ ազգութիւններ` իրենց պատմութեանը հետամուտ լինելով, մի շարք արխիւներ են գաղտնազերծել եւ նրանց համար չեկիստական թանձր մշուշով պատուած շատ իրողութիւններ են պարզուել: Նրանք հիմա յստակօրէն գիտեն ո՛չ միայն բռնապետութեան դէմ ընդվզած հերոս-նահատակների անունները, այլ անուն առ անուն ճանաչում են նաեւ նրանց դահիճներին: Այդ ազգութիւններից առաւել խելացիները կամ շրջահայեացները դա անում են ո՛չ թէ ուշացած վրէժխնդրութեան, այլ իրենց պատմական արդարութեան ու յիշողութեան համար: Անում են, որ գոնէ նոյն այդ դահիճների ժառանգները իրենց ՙհերոսական՚ պապերով միամտօրէն հպարտանալու կուրութիւնը, որոշ դէպքերում էլ լկտիութիւնը չունենան: Չեմ կարծում, որ հիմա էլ ռուսն է մեզ խանգարում, որպէսզի հրապարակուեն Չարենցին, Բակունցին, Թոթովենցին ու Զապէլ Եսայեանին տանջամահ անողների անունները, բայց մենք գերադասում ենք մոռանալ այդ ամէնի մասին` որդեգրելով խորհրդային կայսրութեանը անհասցէ հայհոյելու անվնաս քաղաքականութիւնը եւ մեր անկախութեան քսան տարիների բարձունքից էլ շարունակում ենք մեր եղած ու չեղած մեղքերը բարդել ՙանցեալի արատաւոր մնացուկներ՚-ի վրայ: Ցաւալին այն է Վարպետ, որ այդ ամէնը անում ենք ճիշդ այն խանդավառութեամբ եւ ա՛յն գռեհկութեամբ, որով իր գոյութեան բոլոր եօթանասուն տարիների ընթացքում դա անում էին պոլշեւիկեան, մեծ մասամբ տգէտ կամ թերուս գաղափարախօսները` իրենց նողկալի գործերը բացառապէս ցարիզմից մնացած դաժան ժառանգութիւն համարելով: Այսպիսին է ցաւօք մեր վերաբերմունքը սեփական պատմութեան հանդէպ եւ իմ խորին համոզմամբ այստեղ մեծ, շատ մեծ է նաեւ մեր բաժին մեղքը, այլապէս այսօր, անկախութիւնից քսան տարիներ անց Ազատ եւ Անկախ Հայաստանի մայրաքաղաքում մենք չէինք ունենայ պոլշեւիկների արիւնոտ ձեռքերով տանջամահ արուած Գարեգին Նժդեհի անուան հրապարակ` պոլշեւիկ Սուրէն Սպանդարեանի արձանով մանաւանդ, երբ երկրի իշխող ու կառավարող կուսակցութիւնն այսօր իրեն Նժդեհի հայամեծար գաղափարների անմիջական ժառանգորդն է համարում: Պէտք չէ մեղադրել միայն ՙսովետների՚ն եւ եզրակացնել, թէ ՙՍովետական իշխանութիւնների օրօք Հայաստանի հողի վրայ դրուած Եղեռնի յուշարձանը չէր կարող ձեւական չըլլալ՚: Պետք չէ, որովհետեւ նման յուշարձանի կառուցումը այն ժամանակների համար քաղաքական եւ նոյնիսկ քաղաքացիական սխրագործութեան այն բացառիկ նմոյշն է, որով նախկին խորհրդային որեւէ այլ ժողովուրդ չի կարող հպարտանալ: Երեք-չորս միլիոնանոց հայ ժողովրդին որպէս ինչ-որ կերպ սիրաշահելու փորձ չէր կարող դիտուել սա, որովհետեւ նոյն բռնապետութեան հակառակ ճամբարում իրենց ակնյայտ դժգոհութիւնն ու ատելութիւնը չթաքցնող յիսուն-վաթսուն միլիոն բնակչութիւն ունեցող թուրք էթնոսի ներկայացուցիչներն էին` Ազրպէյճանից մինչեւ հեռաւոր Սիպիր: Իսկ յուշարձանը սիրելի Վարպետ, կառուցուել է ճիշդ այն նախագծով ինչ ներկայացուել է եւ թանգարանն ու Ձեր մատնանշած արձանախումբն այնտեղ տեղ չէին կարող ունենալ այն պարզ պատճառով, որ առաջինը նախագծուել եւ կառուցուել էր աւելի ուշ, իսկ միւսը, որ Ձեր հրաշալի գաղափարն է` դեռ սպասում է: Տէ իսկ այն, որ մի քանի տգէտներ յուշարձանն այցելելիս կամ այցից յետոյ նաեւ ՙվոտքա՚ էին խմում, դա արդէն հաստատ վերեւներից թելադրուած լինել չէր կարող: Ի դէպ եթե այն ժամանակ իսկապէս մի քանի տգէտների ՙմենաշնորհն՚ էր դա, ապա հիմա սիրելի Վարպետ, դա արւում է շատ բարձր մակարդակներով եւ անթաքոյց: Մինչդեռ այն ժամանակների հազարաւոր ուսանողներ կարող են փաստել, թէ ինչպէս են պատժուել ու համալսարաններից հեռացուել Ապրիլի 24-ին յուշարձան այցելելու եւ իրենց խոնարհումը բերելու համար: Այսօր կան ապրում են նրանք ու նրանց հետ կողք-կողքի ապրում, բարգաւաճում եւ պաշտօնաւարում են նաեւ նրանց ազգայնականութեան մէջ մեղադրողներն ու համալսարաններից հեռացնողները: Թող Ձեր փայլուն առաջարկի կենսագործումը նրանց համար մեղքերի թողութեան ամենայարմար առիթը հանդիսանայ եւ յիրաւի աւելի իմաստաւորուի Յուշահամալիրը, մանաւանդ, որ հիմա ուրիշ որեւէ մէկին մեղադրելու առիթ կարծես թէ չունենք: Յ.Գ. Սիրելի Վարպետ, ի հարկէ այս զրոյցը դեռ շատ պիտի երկարէր, եթէ ձեր հիւրընկալ տան մէջ լիներ, բայց առ այժմ սա է միակ յուսալի միջոցը` մինչեւ միւս հանդիպում, որ վստահ եմ այնքան էլ հեռու չէ: Մինչ այդ Անիի հետ անհամբերութեամբ եւ սիրով պիտի սպասենք Ձեր այնքան ջերմ ու Յակոբեանական յօդուածներին, որ միշտ էլ ընթերցել ենք գերագոյն հաճոյքով:

     

    Միշտ Ձեր` ԷՏՈՒԱՐՏ Ա. ԳՐԻԳՈՐեԱՆ





  • Փնտռել
    Արխիւ


    may 17
    17.05.2012
    may 16
    16.05.2012
    may 15
    15.05.2012
    may 13
    13.05.2012
    may 12
    12.05.2012
    may 11
    11.05.2012
    may 10
    10.05.2012
    may 9
    09.05.2012
    may 6
    06.05.2012
    may 5
    05.05.2012
    may 4
    04.05.2012
    may 3
    03.05.2012
    may 1
    01.05.2012
    april 29
    29.04.2012
    april 28
    28.04.2012
    april 27
    27.04.2012
    april 26
    26.04.2012
    april 24
    24.04.2012
    april 22
    22.04.2012
    april 21
    21.04.2012
    april 20
    20.04.2012
    april 19
    19.04.2012
    april 18
    18.04.2012
    april 14
    14.04.2012
    april 13
    13.04.2012
    april 12
    12.04.2012
    april 11
    11.04.2012
    april 7
    07.04.2012
    april 6
    06.04.2012
    april 5
    05.04.2012

    ՁԵՌՆԱՐԿՆԵՐՈՒ ՕՐԱԳԻՐՌադիո Սևան
    ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԵԱՆ
    Right bottom
    ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ
    Right
    1,503.50
    0.76
    388.69
    քլկ. արծաթ0.00
    օնց. ոսկի1,720.10
    ՏՈՒՐ ԿԱՐԾԻՔԴ
    Հայաստանի խորհրդարանական յառաջիկայ ընտրութիւններուն ով պիտի գրաւէ առաջին դիրքը